Նրանք կրկին բախվելու են միմյանց: Միլիոնավոր երկրպագուներ սրտատրոփ սպասում են հակամարտությանը: Մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնին զուգահեռ կմեկնարկի ֆուտբոլային գունեղ ներկայացումը, «կպայթի» «Յուվենթուս» մարզադաշտը: Նրանք պատրաստ են մարտնչել հանուն հաղթանակի: Ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություններ, տարբեր խաղաոճեր, տարբեր կատարողներ ու մարզիչներ, երկրպագուների բազմամիլիոնանոց բանակներ… այսպիսով՝ Երևանի ժամանակով 22:45-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակներում կմեկնարկի «Յուվենթուս» – «Բավարիա» խաղը:
Ֆուտբոլային նման տիտանների պայքարում նշանակություն չունի այն, որ գերմանացիները Թուրին են ժամանել երկու գնդակի առավելությամբ: Թուրինյան ակումբը վճռական է տրամադրված և իր տրամադրության տակ ունի 90 րոպե՝ կորցրածը ետ բերելու համար:
Չնայած, որ առաջին խաղում Թոմաս Մյուլլերը իտալական ակումբի դարպասը գրավեց խաղից դուրս վիճակից, պետք է խոստովանել, որ Յուպ Հայնկեսի սաները խաղային առավելություն ունեին Կոնտեի թիմի նկատմամբ: «Յուվե»-ն պետք է կարողանա արագ գոլ խփել, ինչպես Օլիվյե Ժիրուի ջանքերով արեց «Արսենալ»-ը, երբ խաղն ավարտվեց 0:2 հաշվով: Միաժամանակ Կոնտեի սաները պետք է զգուշություն դրսևորեն, քանի որ ընդունած գոլից հետո հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է խփեն 4 գնդակ: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ չնայած հարձակման գծում նպատակամղված խաղին, «Յուվե»-ն բաց ֆուտբոլ չի ցուցադրի:
Դաշտի տերերը պետք է փորձեն օգտագործել հակառակորդի ընձեռած նույնիսկ ամենաչնչին հնարավորությունը, քանի որ դրանք այդքան էլ շատ չեն լինելու Գերմանիայի նորընծա չեմպիոնի դեմ խաղում: Չնայած Կրոսի բացակայությունը մեծ կորուստ է հյուրերի համար, բայց եթե նրա փոխարեն խաղադաշտ դուրս գա Արյեն Ռոբենը, իսկ Մյուլլերը աջ եզրից տեղաշարժվի կենտրոն, ապա «Յուվե»-ն պետք է չափազանց ուշադիր գործի հատկապես եզրերում: Ռիբերիին ու Ռոբենին հատկացված ազատ տարածությունները կարող են շատ թանկ արժենալ:
Կազմեր
Թուրինյան ակումբի կազմում կան կորուստներ: Վնասվածնբեր ունեն Սիմոնե Պեպեն, Սեբաստիան Ջովինկոն, Նիկլաս Բենդտները, Նիկոլյա Անելկան: Խաղը բաց կթողնեն նաև որակազրկված Արտուրո Վիդալն ու Ստեֆան Լիխտշտայները: «Բավարիա»-ի կազմում վնասվածք ունի Հոլգեր Բադշտուբերը, իսկ Թոնի Կրոսը, ով վնասվածք ստացավ թիմերի առաջին խաղում, շարքից դուրս է մնացել 3 ամսով:
Կարծիքներ
Անտոնիո Կոնտե. «Վերջին երեք տարիներին գերմանացիները երկու անգամ դուրս են եկել եզրափակիչ, իսկ մենք նոր ենք սկսում քայլել այն ուղով, որից շեղվել էինք վերջին մի քանի դժվարին տարիներին: Վստահ եմ, որ թիմերի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ, որքան երևում է առաջին խաղից հետո: Իմ ֆուտբոլիստները ցանկանում են ցուցադրել այն խաղը, որը չկարողացան ցուցադրել առաջին հանդիպմանը: Հուսով եմ՝ առանձին դրվագներում մեզ բախտը կժպտա: Հավատում եմ նաև, որ մրցավարական անարդարությունների չենք բախվի, ինչպես առաջին խաղում, երբ առաջին գոլը մեզ խփեցին խաղից դուրս վիճակից, իսկ Ֆրանկ Ռիբերին կոպիտ խաղի համար կարմիր քարտ չստացավ»:
Յուպ Հայնկես. ««Յուվենթուս»-ը բարձրակարգ ակումբ է, որն ապացուցել է թե՛ Չեմպիոնների Լիգայում, թե՛ Ա Սերիայում: Ջանլուիջի Բուֆոնին համարում եմ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկը: Նա լեգենդար անձնավորություն և անկրկնելի ֆուտբոլիստ է: Ոչինչ չի փոխվել: Ձգտելու ենք հաղթել, ինչպես առաջին խաղում»:
Մրցավարներ
Հանդիպումը կսպասարկի Կարլոս Վելասկո Կարբալյոյի գլխավորած մրցավարական անձնակազմը: Եզրային մրցավարներն են Ռոբերտո Ալոնսոն ու Խուան Յուստեն: Չորրորդ պաշտոնյան Ռոբերտո Դիասն է: Սա նրանց սպասարկած 4-րդ խաղը կլինի Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Ավելի վաղ Վելասկոն սպասարկել է «Մոնպելյե» – «Արսենալ» (1:2), «Չելսի» – «Շախտյոր» (3:2) և «Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (1:0) խաղերը:
Թվերի լեզվով
- «Յուվենթուս»-ն ու «Բավարիա»-ն խաղացել են 7 անգամ: Թիմերը տոնել են 3-ական հաղթանակ: Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի:
- «Յուվե»-ն գերմանական ակումբների դեմ 50 խաղ է անցկացրել ն (24 հաղթանակ, 16 պարտություն և 10 ոչ-ոքի):
- Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի պատմության մեջ միայն մեկ թիմի է հաջողվել առաջին խաղում 2:0 հաշվով պարտվելուց հետո անցնել հաջորդ փուլ: Ընթացիկ մրցաշարում «Բարսելոնա»-ն 1/8 եզրափակիչում «Միլան»-ին պարտվեց 2:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «ռոսսոներիներ»-ի դարպասը:
- Մրցաշարում մնացած թիմերից «Բավարիա»-ն ամենաանկարգապահն է: Թիմը 24 դեղին քարտ է ստացել:
- ՉԼ վերջին 3 խաղերում, որոնք «Յուվե»-ն անցկացրել է սեփական հարկի տակ, սեփական դարպասն անառիկ է պահել:







































