Չորեքշաբթի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի թեկնածուի անունը հայտնել մայիսին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք չենք շոշափել այդ հարցը, քանի որ բավականին գործեր կային, որոնք պետք է լուծվեին… Այժմ, երբ բոլոր հարցերը գրեթե լուծված են, մենք կարող ենք կենտրոնանալ նշանակված նախագահական ընտրությունների վրա»,- ասել է նա և հավելել, որ իրենց թեկնածուի անունը կհայտարարեն մայիսին:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ կցանկանար նախագահի պաշտոնում տեսնել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վախթանգ Խմալաձեին:
Նշենք, որ Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերին: Վրաստանի Սահմանադրությունում առկա փոփոխությունների համաձայն՝ նախագահի երդմնակալությունից հետո երկրում իշխանությունը փաստացիորեն կանցնի խորհրդարանին և կառավարությանը: Վերջիններս կդառնան գործադիր իշխանության գերագույն մարմինը:








































