Սիսակյան 3-րդ շենքը արդեն քանի տարի շարունակ 4-րդ վթարային է, և իրավիճակը հետզհետե բարդանում է: Վերջերս պատ է փլուզվել: Այդ շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը պետք է լուծվեր դեռ 2011թ.-ին: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հրապարակեց իրեն ուղղված բնակիչների նամակը, որով խնդրում են հնարավորության դեպքում գոնե 10 բնակարան հատկացնել Սիսակյան 22 նորակառույց շենքում:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե նման վթարային շենքերը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում մի քանի տասնյակ են: Վերջերս ընդունված հայեցակարգով սահմանվում են, թե ինչպես է այդ խնդիրը լուծվելու:
Հ. Թովմասյանը տեղեկացրեց, որ հնարավոր չէ այդ ընտանիքներին բնակարաններ հատկացնել Սիսակյան 22-ում, որովհետև դրանց նոր տերերը գտնվում են համանման իրավիճակում, և իրավաբանորեն նոր բնակարանները արդեն ձևակերպված են: Հարցը քննարկվել է Երևանի փոխքաղաքապետի և քաղաքաշինության նախարարի հետ, և շտապ միջոցներ կձեռնարկվեն:









































