Ապրիլի 9-ի ներքաղաքական բովանդակության բովում մոռացության էր մատնվել այն հանգամանքը, որ ապրիլի 7-ից Հայաստանի քաղաքական հիմնական ուժերը ներգրավված են Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավում, կամ այսպես ասած՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում, որի վերաբերյալ համենայնդեպս բոլորն արտահայտվում են շատ լուրջ, գրեթե նախագահական տոնայնությամբ: Չնայած՝ չի բացառվում, որ քաղաքական ուժերն ամենևին էլ չեն մոռացել քարոզարշավի հանգամանքի մասին: Սակայն այսպես, թե այնպես, մոռացել են, թե ոչ, տեղի ունեցած իրադարձություններն, անկասկած, իրենց քարոզչական կամ հակաքարոզչական էֆեկտը թողնելու են Երևանի ավագանու ընտրությունների վրա, որոնց մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ՝ մոտ 25 օր:
Ահա այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքրական է, թե ինչպիսին կլինի ազդեցությունը: Եթե Հայաստանում լիներ անկախ սոցիոլոգիայի կայացած ինստիտուտ, ապա, բնականաբար, առաջին գործը կլիներ ապրիլի 9-ից հետո իրավիճակն ուսումնասիրելն ու հակասական զարգացումների թողած հասարակական տրամադրությունները պարզելը: Սակայն Հայաստանում այդպիսի ինստիտուտ չկա, և հետևաբար հասարակությունն ու դիտորդները ստիպված կլինեն առաջնորդվել, դատողություններ անել միայն անձնական տպավորությունների կամ շատ սիրողական ուսումնասիրությունների ու դիտարկումների հիման վրա: Մինչդեռ, ապրիլի 9-ին տեղի ունեցած զարգացումները բավական բուռն էին և հազիվ թե հանրային քննարկումների շրջանակից չեզոքանան մինչև մայիսի 5-ը: Ըստ այդմ իսկապես ուշագրավ կլիներ պարզել, թե ինչքանով դրանք հարվածեցին «Բարև Երևան» դաշինքին, որի առաջին համարը, ըստ էության Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն, ի դեպ, հայտնվել է հիվանդանոցում՝ ոստիկանների դաժան ծեծի արդյունքում:
Ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ապրիլի 9-ին կօգնե՞ն դաշինքի հանդեպ հանրային համակրանքի կամ վստահության աճին, թե կնվազեցնեն եղած վարկանիշը: Ի՞նչպես կանդրադառնա այս ամենը իշխանությունների վարկանիշի վրա: Թեև Տարոն Մարգարյանն այստեղ, իհարկե, անմիջական դերակատարություն չունի, բայց Հայաստանի հասարակությունն իշխանություններին դիտարկում է մեկ ամբողջականության, այսպես ասած՝ միասնականության մեջ: Առավել ևս, որ ի վերջո Երևանի քաղաքապետարանն էր Բաղրամյան փողոցով երթն արգելողը:
Կասկած չկա, որ տեղի ունեցածն ուղղակի կամ անուղղակի կերպով իր հետքն է թողնելու ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համար: Մասնավորապես, ՀՅԴ-ն, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին լինելու մասին էր հայտարարել, սակայն ապրիլի 9-ին Դաշնակցությունը կարծես թե որևէ կերպ, որևէ դերակատարությամբ չերևակվեց: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պարագան, իհարկե, մի փոքր այլ է, քանի որ նրանք ի սկզբանե այլ դիրքորոշումներ ունեին հետընտրական զարգացումների հանդեպ: Բայց ակնհայտ է, որ տեղի ունեցածը անպայմանորեն առնչվելու է նաև նրանց վարկանիշին, հասարակական վերաբերմունքին նրանց հանդեպ: Գրեթե կասկած չկա նաև, որ այդ ուժերն էլ կփորձեն օգտվել առկա հնարավորություններից, ինչը միանգամայն տրամաբանական ու սպասելի է քաղաքական տեսանկյունից: Չի բացառվում, որ ապրիլի 9-ը դառնա Երևանի քաղաքապետական ընտրությունների, ըստ էության, բեկումնային հանգրվան, իսկ մայիսի 5-ն արդեն ընդամենը ֆորմալացնի այդ հանգրվանի արդյունքները կամ հետևանքները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































