Ինչպես արդեն հայտնել ենք, Դոնեցկի «Շախտյոր»-ի բարձրակարգ ֆուտբոլիստներից մեկը` Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ռեկորդ սահմանել Ուկրաինայի առաջնությունում հեղինակած գոլերի քանակով: Նպատակն իրագործելու համար Հենրիխը պետք է ընդամենը 2 գոլ խփի «Զարյա»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:
«Շախտյոր»-ի ամենավառ երկրպագուներից մեկը` երգչուհի Գայտանան, ով նաև ««Շախտյոր»` չեմպիոն» հիթի հեղինակն է, որոշել է աջակցել թիմին և անձամբ Հենրիխին: Եթե հայ ֆուտբոլիստին հաջողվի հատել մեկ մրցաշրջանում խփած 25 գոլերի սահմանը, Գայտանան կկատարի «Շախտյոր»-ի հիմնը հայերեն լեզվով:
«Ես երկրպագում եմ «Շախտյոր»-ին: Այն Ուկրաինայի առաջնության լավագույն թիմն է: Ցանկանում եմ աջակցել հատկապես Հենրիխ Մխիթարյանին: Նրա առջև բարդ խնդիր է դրված` նոր ռեկորդ սահմանել: Կարծում եմ` «Շախտյոր»-ի հիմնը գեղեցիկ կհնչի հայերեն: Հենրիխը կօգնի ինձ թարգմանել թեքստը և ես կկատարեմ այն տաղանդավոր ֆուտբոլիստի հայրենի լեզվով»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Գայտանայի խոսքերը:








































