2011 թ. փետրվարին գնաճին ամենաշատ նպաստած ոլորտը ծառայություններն էին, որն էլ, ըստ ԱՎԾ-ի, պայմանավորված էր հիմնականում բուժսպասարկման ծառայությունների գների աճով: ԿԲ-ն, սակայն, համաձայն չէ, որ բուժսպասարկման ծառայությունների գներն աճել են:
«Գնաճային գործոնների համատեքստում Խորհրդի կողմից քննարկվեց նաև բուժսպասարկման ծառայությունների սակագների աճը, որն իրականացված ռեֆորմների շրջանակներում համավճարման մեխանիզմի ներդրման արդյունք է և ունի միանգամյա ազդեցության բնույթ: Ըստ էության, այդ գործընթացում բուժծառայություն ստացողների վճարումները չեն ավելացել, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ գնաճի հաշվարկման գործող կարգի, արձանագրել է գնաճ դրա ազդեցությամբ, որն իրավամբ պարզապես «գնաճ է թղթի վրա»,- նշված է փետրվար ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ:
Այնուամենայնիվ, ԿԲ-ն կարծում է, որ տարվա վերջին գնաճը կլինի նպատակային միջակայքում` այսինքն` չի գերազանցի 5.5%-ը: «Դրամավարկային պայմանների խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունների և հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում պետական այլ կառույցների աջակցության հետ մեկտեղ, իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար»,- ասվում է այդ հաղորդագրությունում:









































