Ցանցահենները մի քանի ժամով կոտրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի իշխող կուսակցության կայքերը: Այս մասին հաղորդում է JPost պարբերականը՝ վկայակոչելով Avnet ընկերության հայտարարությունը: Ընկերությունը մասնագիտացած է համակարգչային անվտանգության մեջ:
«Ներկայում մենք չգիտենք՝ ինչ կերպ է կատարվել հարձակումը և ինչ կարելի է անել դրանից պաշտպանվելու համար: Անցած գիշերվա ընթացքում մենք ֆիքսել ենք հաքերային հարձակումների տասնյակ փորձեր իսրայելական կայքերի վրա»,- ասել է Avnet-ի ներկայացուցիչ Ռոնի Բեչերը:
Նա նաև նշել է, որ ցանցահեններին հաջողվել է տվյալների բազայի և վարչապետի կայքի վեբ-սերվերի միջև կապը խափանել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ապրիլի 7-ից սկսած՝ Anonymous խմբի ցանցահենները հարձակումներ են գործում իսրայելական ընկերությունների, բանկերի, պետական հաստատությունների կայքերի վրա: Մասնավորապես, չարագործների գործողություններից տուժել են կրթության և պաշտպանության նախարարությունների կայքերը: Anonymous-ը նախօրոք զգուշացրել է իր ծրագրերի մասին՝ հայտարարելով, որ այս կերպ իրենց բողոքն են արտահայտում Պաղեստինի հանդեպ կիրառվող Իսրայելի քաղաքականության դեմ:
Իսրայելի կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցչի կարծիքով՝ ցանցահենների գործողությունները լուրջ վտանգ չեն ներկայացնում:







































