Նիդեռլանդներում եկել է վաղուց սպասված գարունը, արդեն ծաղկել են կակաչները, որոնք կդառնան քաղաքային շքերթների զարդը։ Այս մասին գրում է adme.ru-ն:
Ֆրանսիացի լուսանկարիչ Նորման Շկոպն ինքնաթիռով բարձրացել է երկինք, որպեսզի անմահացնի այդ ծաղկած դաշտերը Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Աննա Պավլովնա գյուղակում:
Նորմանը նկարել է կակաչի՝ կիլոմետրեր ձգվող դաշտերը: Ստացվել է արվեստի իսկական ստեղծագործություն: Նման գարունով հիանալ կարելի է անվերջ:
Ահա թե ինչ է գրել Նորմանը Flickr-ի իր էջում. «Կակաչը դարձել է Նիդեռլանդների սիրված խորհրդանիշը: Շատ զբոսաշրջիկներ գալիս են այս երկիր՝ տեսնելու վառ ծաղիկներ ու հիանալու ծաղկած դաշտերով: Սեզոնը սկսվում է մարտին քրքմնածաղիկով, ապա հայտնվում են վառ դեղին ու դեղին նարգիզները: Ապրիլից մինչև մայիս այստեղ ծաղկում են հիրիկներն ու կակաչները: Ավելի ուշ՝ օգոստոսին գալիս է թրաշուշանների ժամանակը: Անգամ այն ժամանակ, երբ գարունն ավարտվի, Նիդեռլանդները նախկինի պես կմնան հրաշալի այգի»:
Այսօր Նիդեռլանդներն արտահանում է կակաչներ աշխարհի ավելի քան 100 երկրներ:
























































