Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հռոմի պապը և միջազգային կազմակերպության ղեկավարը կքննարկեն ՄԱԿ-ի և Սուրբ գահի հետագա համագործակցության ծրագրերը: Փորձագետները ենթադրում են, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն Սիրիայում, Կորեական թերակղզում և երկրագնդի այլ թեժ կետերում հակամարտությունների հավանական լուծումների վերաբերյալ:
Պան Գի Մունը շրջագայություն է կատարում Եվրոպայում, որի ծրագրում ներառված են այցելություններ Սան Մարինո, Անդորա, Մոնակո, Իսպանիա, Նիդերլանդներ և Իտալիա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ քննարկում է աղքատությանը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, բժշկության և մաքուր ջրի ազատ հասանելիությանը, ինչպես նաև կրթության ոլորտում հնարավորությունների ընդլայնմանն ու կանանց իրավունքների հավասարության ապահովմանն առնչվող հարցեր:









































