Ապրիլի 7-ին ողբերգություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: «Հայկական ժամանակը» գրում է, որ Գյումրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Վահրամաբերդ գյուղի մոտ, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրաձգարանի տարածքում ռումբի պայթյունից մահացել է երկու երեխա: Զոհվածներն են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք հրաձգարանի տարածքում ոչխարների հոտ են արածացրել: 102-րդ ռազմակայանի մամուլի պատասխանատու Կիրիլ Կիսիլյովը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, թե «… Երեխաները ապօրինի կերպով մուտք էին գործել հրաձգարանի տարածք, որը բոլոր կողմերից խրամապատված էր և առկա էին հայերեն, ռուսերեն նախազգուշացնող ցուցանակներ»:
Սակայն Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անձամբ գնացել է դեպքի վայր և չի հանդիպել ոչ մի խրամատի կամ ցուցանակի: Դեպքի վայրում նրա արած լուսանկարները սահմռկեցուցիչ պատկեր են ի ցույց դնում՝ տարածքը լեփ լեցուն է չպայթած զինամթերքով: Եվ այս ամենը նա ապացուցվում է տեղում արված շուրջ 200 լուսանկարներով: