Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանը Վեքիլ և Ռաջի Իմանով եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը։ Նրանցից առաջինը կալանավորվել է 4 ամսով, իսկ երկրորդը՝ 3 ամսով։
Նրանք ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Գյունել Մևլուդի եղբայրներն են, ով ներկայումս գտնվում է Եվրոպայում և շարունակ քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Վեքիլ Իմանովին ձերբակալել էին Բիլասուվարում, իսկ Ռաջիին՝ Սումգայիթում, ընդ որում՝ նրանց ձերբակալություններն իրականացվել են 10-15 րոպե ընդմիջմամբ։
Եղբայրների փաստաբան Նեյմաթ Քերիմլին մտադիր է բողոքարկել այդ որոշումը և կարծում է, որ եղբայրների դեմ հարուցվել է շինծու քրեական գործ։ Նրանք, մասնավորապես, մեղադրվում են թմրանյութերի շրջանառության մեջ։










































