Երկրաբանական գործընթացները փոքր աստղագիտական մարմինների վրա Արեգակնային համակարգում կարող են մեր օրերում նույնքան ակտիվորեն ընթանալ, ինչպեսև մեծ մոլորակների վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի գիտնականների խումբը, որը զբաղվում է NASA-ի New Horizons միջմոլորակային կայանով ստացված տվյալների ուսումնասիրությամբ:
2006 թ. դեպի Պլուտոն ուղարկված սարքը 3 ամիս առաջ մոտեցել է այդ թզուկ մոլորակին և Երկիր է փոխանցել յուրահատուկ տեղեկություն դրա կազմության և մթնոլորտի բաղադրության մասին: Իր առաջին գիտական զեկույցը New Horizons-ի հավաքած տվյալներն ուսումնասիրող գիտնականների խումբը կհրապարակի ուրբաթ Science ամսագրում:
«Պլուտոնի և նրա արբանյակների համակարգը մեզ շատ առումներով զարմացրեց, հատկապես նրանով, որ փոքր մոլորակները կարող են երկրաբանորեն ակտիվ մնալ նույնիսկ իրենց առաջացումից միլիարդավոր տարիներ անց»,- նշում է նախագծի գիտական ղեկավարը՝ Կոլորադո նահանգի Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի աշխատակից Ալան Սթերնը: Նրա խոսքով՝ գիտնականների համար մեծ անակնկալ է եղել նաև «Պլուտոնի և դրա ամենամեծ Հարոն արբանյակի բարդ երկրաբանական կառուցվածքը»:
New Horizons-ը, մասնավորապես, Պլուտոնի մակերևույթին հայտնաբերել է մինչև 1,5 կմ բարձրությամբ լեռնաշղթա՝ շրջապատված, մի կողմից, սառցե հարթավայրերով, մյուս կողմից՝ խառնարաններով քարքարոտ անապատով: Մասնագետները կարծում են, որ այդ լեռները բավական երիտասարդ են, դրանց տարիքը կարող է լինել 100 մլն տարուց պակաս, մինչդեռ հարևան շրջանները կազմավորվել են միլիարդավոր տարիներ առաջ: Բացի դրանից՝ Հարոնի լուսանկարներում երևում են 7-9 կմ խորությամբ ձորեր:











































