Վերջին օրերին «Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոյի տված հարցազրույցն այն մասին, թե իրենց տրամադրության տակ են Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների մասին տեղեկություններ, որոնք ներկայացնելու են ՌԴ բարձրաստիճան այրերին, միգուցե ավելի մեծ արձագանքներ ստացավ այն պատճառով, որ Մարինա Գալյուչենկոն ներկայացվել էր որպես ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու: ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կից, այնինչ «Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհուրդը» պետությունից անկախ հասարակական կազմակերպություն է:
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունն այս կազմակերպության հավաքած գաղտնի փաստաթղթերի հանդեպ՝ «Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասն տեղեկություններ ստանալ կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում Մարինա Գալյուչենկոն ասաց, որ մայիսին կլրանա 9 տարին, ինչ կազմակերպությունը գործունեություն է ծավալում, որը միտված է կոռումպացված չինովնիկների բացահայտմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ոչ միայն ՌԴ-ում, այլև ԱՊՀ և այլ մի շարք երկրներում: Մարինա Գալյուչենկոյի փոխանցմամբ՝ կազմակերպությունը, ՌԴ-ից բացի, ներկայացուցչություններ ունի շուրջ 14 երկրներում, ինչպես օրինակ՝ Հունգարիայում, Տաջիկստանում, Գերմանիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Ղրղզստանում և այլն: Ըստ Մարինայի՝ Հայաստանում ներկայացուցչություն չունեն, բայց նախատեսում են բացել:
«Հայաստանում մենք ակտիվորեն համագործակցում ենք «Հակակոռուպցիոն կազմակերպության» հետ, շատ սերտ ենք համագործակցում: Մեզ դուր է գալիս, թե ինչպես են նրանք աշխատում, նրանք նոր են սկսել, բայց արդեն արդյունավետ աշխատում են: Փաստաթղթեր ենք փոխանակել, շատ կարևոր փաստաթղթեր, համաձայնություններ ենք ձեռք բերել, բայց պահպանում ենք մեր ստացած տեղեկատվության գաղտնիությունը կոռումպացված գործիչների ու չինովնիկների մասին: Նրանք մեզ տրամադրում են տեղեկատվությունը, և մենք հետամուտ ենք լինում, տարածում այդ փաստաթղթերն ու փաստերը: Շատ գործիչներ Հայաստանից Ռուսաստան իրենց հետ կեղտոտ փողեր են բերում, կեղտոտ ճանապարհներով ժողովրդից ձեռք բերված գումարներ: Համապատասխանաբար՝ նրանք Հայաստանում հարկեր չեն վճարում, սովորաբար դրանք ստվերային, «սև» գումարներ են, և ցանկանում ենք այդ պայքարում գնալ իրավական ուղով և այդ փաստերը տրամադրել պատկան մարմիններին, ինչպես նաև ՌԴ նախագահին՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան բիզնեսներում կեղտոտ գումարներ են»,- ասաց Մարինա Գալյուչենկոն: Նախկինում ևս նա ասել էր, որ ունեն լրջագույն փաստեր, փաստաթղթեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոռումպացվածության վերաբերյալ, փաստեր լրջագույն բիզնեսներում նրա մասնակցության մասին։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, և բազմիցս է գրվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը սերտ կապեր ունեն, համագործակցում են, ուստի դժվար է պատկերացնել, որ Վլադիմիր Պուտինն իր գործընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին իր սեղանին հայտնված տեղեկություններին ընթացք կտա: Իսկ Մարինա Գալյուչենկոն վստահ է, որ կտա, քանի որ նկատել է, որ ՌԴ իշխանությունները քաղաքական կամք են դրսևորում նման հարցերում: Նրա հավաստիացմամբ՝ իրենք ունեն տեղեկատվություն ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահի, այլև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին, որոնց անունները դեռևս չցանկացավ նշել՝ ասելով, որ դեռ ժամանակը չի եկել:
«Իհարկե, հասկանում եք, որ միայն ընդհանուր ինֆորմացիա կարող է փոխանցվել մամուլի միջոցով: Հետաքննություն է իրականացվել, սա այն կառույցների խնդիրն է, որը սրանք կընդունի կամ ոչ: Իսկ աղբյուրները, թե ինչպես ենք ձեռք բերել այս փաստաթղթերը, չենք կարող բացահայտել, չենք կարող բացահայտել այն մարդկանց, ովքեր փոխանցել են այդ տեղեկությունը: Մենք պարզապես գաղտնի տեղեկատվություն ունենք, որը ԶԼՄ-ների համար չէ»,- հստակեցրեց Մարինա Գալյուչենկոն։ Նա ասաց, որ շատ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանում են նրանցից, ովքեր աշխատում են հենց համակարգերում, հիմնականում դրանք հաստատված նյութեր են, սակայն չցանկացավ բացահայտել աշխատանքի ողջ գործընթացը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հակակոռուպցիոն կազմակերպության» նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չարաշահումների մասին տեղեկատվությունը և փաստաթղթերը ռուսական իրավապաշտպան կազմակերպությունը ստացել է իրենցից: «Մենք շատ դժվարությամբ աշխատել ենք այս ուղղությամբ, ձեռք ենք բերել որոշ նյութեր և տրամադրել իրենց»,- նկատեց Գառնիկ Մարգարյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհրդի» ներկայացուցիչն ասաց, որ իրենց գործունեության արդյունքներից մեկը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովի չարաշահումների բացահայտումն էր և նրան պատասխանատվության ենթարկելը: «Երեք տարվա ընթացքում ենք այդ փաստաթղթերը հավաքել, քանի որ կա քաղաքական կամք, եղավ նաև համապատասխան որոշում»,- ավարտեց իր խոսքը Մարինա Գալյուչենկոն:
ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն անցնում էր սկանդալային քրեական գործով, որը հարուցվել էր գերատեսչությանը պատկանող գույքը, հողատարածքները և ձեռնարկությունների բաժնետոմսերը նվազեցված գներով իրացնելու փաստով: Մի շարք պաշտոնյաների խաբեությունների հետևանքով վնասը կազմել էր 3 մլրդ ռուբլի:










































