Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանի ուղևորափոխադրումների տերմինալի մոտ ծիածանագույն դրոշներ են բարձրացվել: Այսօր այնտեղ է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով COC Amsterdam ԼԳԲՏ շարժման ֆեյսբուքյան էջին:
Ռուսաստանի նախագահի այցի առիթով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստվում են հատուկ ակցիա անցկացնել: Facebook-ի խմբում ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 2500 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողջ Ամստերդամում ծիածանագույն դրոշներ են բարձրացվել՝ ի նշան Պետերբուրգում ընդունված «հոմոսեքսուալիզմի պրոպագանդման մասին» օրենքի դեմ բողոքի, որի գործողությունը, ինչպես ծրագրվում է, մոտ ժամանակներս կտարածվի ողջ երկրով մեկ:
Պուտինի այցի նպատակն է ընդգծել Ռուսաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցության աճը: Անցած տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 83 մլրդ դոլար: Այդպիսով՝ երկիրն առաջ է անցել Բեռլինից, որը երկար ժամանակ համարվում էր Մոսկվայի գլխավոր գործընկերը՝ Պեկինից հետո:
COC Amsterdam-ը COC Nederland-ի ստորաբաժանում է, որը աշխարհի հնագույն ԼԳՏԲ շարժումներից է և ՄԱԿ-ում ունի խորհրդակցական ձայնի իրավունք:









































