Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է քաղաքապետարանում ավագանի ունենալու համար:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը` իրենք այնքան էլ մեծամիտ չեն, որ կարծեն, թե կարող են զբաղեցնել հենց քաղաքապետի պաշտոնը:
««Առաքելություն» կուսակցությունը, հաշվի առնելով Երևան քաղաքի խնդիրները, կազմել է հստակ ծրագիր, որն, ի դեպ, տարբերվում է մասնակցող մյուս բոլոր կուսակցությունների ծրագրերից: Մենք անելու են առավելագույնը ավագանու անդամներ ունենալու համար, իսկ Հայաստանում առ այսօր ավագանու ինստիտուտը չի գործում»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ համամասնական ցուցակի երկրորդ համար Մանուկ Սուքիասյանը, հավելեց, որ այս երկու օրվա ընթացքում կուսակցության անդամները ակտիվորեն Երևանի բոլոր այն հատվածներում, որտեղ թույլատրվում է, փակցրել են իրենց նախընտրական պաստառները, մինչդեռ այլ կուսակցություններ բոլորովին ուրիշ գործով են զբաղված. «Միայն մենք ու Հանրապետական կուսակցությունն ենք այս երկու օրվա ընթացքում լավ աշխատել: Ես չեմ ուզում փնովել որևէ մեկին, բայց շուտով ընտրություններ են, իսկ այլ կուսակցություններ զբաղված են ինագուրացիայի արարողությամբ»:
Ի դեպ, Մ. Սուքիասյանն անդրադարձավ նաև վաղը կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և ասաց. «Ամենասկզբում մենք կոչ արեցինք մասնակցել ընտրություններին և քվեաթերթիկի վրա գրել՝ «բոլորին դեմ եմ», մինչդեռ մենք սխալվեցինք. մարդիկ գտան այն մարդուն, ում կարելի էր վստահել, և ձայն տվեցին: Ավելի ուշ մեզ համար անհասկանալի դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պաշտոններ պահանջելը, այդ իսկ պատճառով հիմա էլ անհասկանալի է նրա ինագուրացիան: Այլ գնահատականներից մենք զերծ կմնանք»:
Բանախոսները հավելեցին, որ իրենք չեն ունենալու ընտրական հազարավոր շտաբներ, բայց անցկացնելու են ակտիվ բակային հանդիպումներ. «Մենք հազարավոր շտաբ ունենալու ֆինանսական հնարավորություն չունենք, կուսակցության ամբողջ բյուջեն գոյանում է համամասնական ցուցակի առաջին տասը համարը զբաղեցնող անձանց նվիրաբերությամբ: Եթե ուշադրություն դարձնեք ցուցակի նրանց եկամուտների հայտարարագրին, ապա կտեսնեք, որ մեր քարոզարշավն էլ ընթանալու է դրան համահունչ»:







































