«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզի Հառի համայնքում փողոցներից մեկը արդեն տևական ժամանակ է կրում է ո՛չ ավել, ո՛չ պակաս` Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի անունը: Թե ով է Նազարբաևը Հայաստանի Հանրապետության համար, գիտեն բոլորը: Հենց միայն ոչ վաղ անցյալում նրա կողմից արված ադրբեջանամետ հայտարարությունները արդեն իսկ բավական խոսուն կերպով են ներկայացնում Ղազախստանի երկարամյա ղեկավարի` հայության ու Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ Գյումրիում պաշտոնապես բացվեց Կուրսկի հրապարակը՝ տեղացի և ռուս պաշտոնյաների մասնակցությամբ, իսկ այսօր էլ Գյումրու ավագանու նիստում վավերացվեց Կուրսկի հետ գործակցության հուշագիրը:
Թե որը կլինի հաջորդ կուրիոզը փողոցների, հրապարակների ու այլ նմանատիպ վայրերի անվանակոչության համար, դժվար է ասել, սակայն ասում են, որ հերթի են դրված` Ասկար Ակաեևի, Գուրբանգուլի, Բերդիմուհամեդովի, Իսլամ Կարիմովի, Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Կիմ Չեն Ընի անունները եվրասիականացված Հայաստանի փողոցների, հրապարակների ու այլ նմանատիպ վայրերի անվանակոչման համար:
«Առաջին լրատվական»-ը կփորձի պարզաբանումներ ստանալ Հառիի համայնքապետից ու պատկան կառույցներից խնդրո առնչությամբ:








































