Ճապոնիայի 6-ամյա արքայազն Հիսահիտոն՝ իշխող կայսր Ակիհիտոյի թոռը, գնացել է տարրական դպրոցի առաջին դասարան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կայսերական պալատի մամլո ծառայությանը:
Ամենակրտսեր գահաժառանգը կսովորի Օտյա-նօ-միձու համալսարանին կից դպրոցում: Նա գնացել է դպրոց ծնողների ուղեկցությամբ: Ճապոնական ԶԼՄ-ների շնորհավորանքներին փոքրիկ արքայազնը հարգալից և առանց շփոթվելու պատասխանել է՝ «շնորհակալություն»:
Նշվում է, որ տղան երեխաների հետ շփվել է առանց դժվարությունների:
Ուսումնական տարին Ճապոնիայում սկսվում է ապրիլին: Հիսահիտոն մարտին ավարտել է նույն համալսարանին կից մանկապարտեզը: Նա առաջինն է կայսերական ընտանիքի հետպատերազմյան սերնդից, ով կսովորի ոչ Գակուսյուին համալսարանին կից դպրոցում: Ընտրությունը մայրիկինն է՝ արքայադուստր Կիկոյինը:
Ճապոնիայում տարրական դպրոցը կազմված է 6, միջնակարգը՝ 3, ավագ դպրոցը՝ նույնպես 3 դասարաններից:
Նշենք, որ տղան գահը կարող է ժառանգել պապի, հորեղբոր և հոր գահակալումից հետո:












































