«Ես հպարտ եմ, որ ունեմ նման հորեղբայր և հայր, բայց ես չեմ կարծում, որ իմ նշանակումը եղել է նրանց շնորհիվ: Որ դուք իմ անցած ճանապարհը՝ սկսած կրթությունից և աշխատավայրերից, ուսումնասիրեք, կհասկանաք, որ իմ նշանակումն այնքան էլ պատահական չէր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վերջինս, հիշեցնենք, Ազգային անվտանգության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ նրա հորեղբայրը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Հ. Հարությունյանը փոխնախարար է նշանակվել անցած տարի ընդամենը 28 տարեկան հասակում: Իսկ մինչ այդ՝ 2011թ., նա զբաղեցրել է «Մեծամորի էներգաատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար: Մի քանի ամիս առաջ նրա բարձրաստիճան պաշտոնյա հայրը՝ Ա.Հարությունյանը նույնպես, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե իր որդին ոչ թե իր և հորեղբոր շնորհիվ է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնին, այլ ստացած կրթության շնորհիվ:
Հ.Հարությունյանն այսքան երիտասարդ տարիքում ձեռք է բերել ոչ միայն նման բարձր պաշտոն, այլ նաև բավականին պատկառելի կարողություն՝ հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4Matic» մակնիշի ավտոմեքենա, երեք ընկերություններում բաժնետոմսեր, երեք փոխառություն (պարտքով տված գումար)՝ ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ: Իր հայտարարագրի համաձայն` Հ.Հարությունյանն ունի նաև 19 մլն դրամ, 45 հազար դոլար և 20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014 թ. յոթ ամիսներին՝ մինչև նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազար դրամ:
Մեր հարցին, թե այդքան երիտասարդ տարիքում ինչպե՞ս է հաջողեցրել նման կարողություն ձեռք բերել, փոխնախարարը պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունում ծառայելուց հետո զբաղվել եմ մասնավոր բիզնեսով և բավականին հաջողակ»:
Հ.Հարությունյանը նաև խոստովանեց, որ նման կարողություն ունենալու հարցում իրեն օգնել է իր աները՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Իմ կնոջ հայրը, այո, բավականին նպաստել է: Այո, նրա կողմից ես բավականին մեծ աջակցություն եմ ստացել, որպեսզի իմ ֆինանսական անկախությունն ապահովեմ»,- հավելեց փոխնախարարը:









































