Չինաստանի իշխանությունները որոշել են մայիսին զբոսաշրջիկների համար բացել Հարավչինական ծովում գտնվող վիճելի Սիշա կղզիները: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Հայնան նահանգի փոխնահանգապետին:
Տան Լի կղզային նահանգի ղեկավարի տեղակալի խոսքով՝ զբսաշրջային նավերը, որոնք պտույտներ են կատարում Հարավչինական ծովով, մոտ ապագայում կստանան թույլտվություն՝ այցելելու Սիշա կղզիների ջրային տարածք:
Զբոսաշրջիկների համար կպատրաստվի հատուկ ճանաչողական ծրագիր, սակայն զբոսաշրջիկները կկարողանան գիշերել ու սնվել միայն նավի վրա:
Դա պայմանավորված է նրանով, որ կղզիների ենթակառուցվածքը բավարար չափով զարգացած չէ՝ Սիշա կղզիների խմբի մեջ մտնող Յունսին կղզում կա միայն 56 սենյակից բաղկացած հյուրանոց: Յունսինում չկա նաև ջրամատակարարում, և ջուրը դրսից է բերվում:
Իշխանություննները նախազգուշացնում են, որ Սիշա այցելությունը բավական թանկ կարժենա:
Հարավչինական ծովում գտնվող Նանշա (Սպրատլի) կղզիախմբին, ինչպես նաև Սիշա կղզիներին (Պարասելյան կղզիներ) ամբողջությամբ կամ մասնակիորեն հավակնում են Վիետնամը, Չինաստանը, Մալայզիան, Ֆիլիպիններն ու Բրունեյը:








































