Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Յանուկովիչն իր ադրբեջանական այցի մասին ցանկություն էր հայտնել այս տարի Դավոսում կայացած հերթական տնտեսական ֆորումի ժամանակ:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Իգոր Կիրյուշինը Բաքվում հայտարարեց, որ 2015 թվականից սկսած` Ուկրաինան մտադիր է Ադրբեջանից տարեկան մինչև 5 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ գնել: Դրա համար էլ ուկրաինական կողմը մտադիր է մինչ այդ կառուցել հեղուկ գազն ընդունող գազային տերմինալ:
Բացի այդ, Ուկրաինան Ադրբեջանին առաջարկում է սեփական նավթը դեպի Եվրոպա տարանցել իր տարածքով (Օդեսա-Բրոդի-Պլոտսկ-Գդանսկ)»:









































