Սիրիայի զինված ընդդիմությունը իրեն աջակցող երկրներին խնդրել է զենիթային զենքեր տրամադրել: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով «Դիվիզիա 13» ստորաբաժանման հրամանատար Ահմադ Ալ-Սաուդի խոսքերը: Այդ խնդրանքը փոխանցվել է դեռ 10 օր առաջ:
Զենիթային զենքերի մատակարարման խնդրանքը Ալ-Սաուդն այլ խմբավորումների հրամանատարների հետ փոխանցել է կապի սպաների միջոցով, որոնք աշխատում են Թուրքիայում օպերատիվ կենտրոնում: Թերթի զրուցակցի խոսքով՝ կենտրոնում ասել են, որ խնդրանքը կփոխանցեն «իրենց երկրներին»:
«Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէ, երբ խոսքը հակաօդային պաշտպանության միջոցների կամ ոչ թռիչքային գոտու մասին է, հատկապես երբ սիրիական երկինքը լիքն է տարբեր երկրների ինքնաթիռներով»,- ասել է Ալ-Սաուդը:












































