Լիբանանի նոր վարչապետ է ընտրվել սուննի Թամամ Սալյամը, որին համարում են արևմտամետ քաղաքական գործիչ: Նրա օգտին է քվեարկել խորհրդարանի անդամների մեծ մասը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նոր վարչապետի ընտրությունից հետո Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը նրան պաշտոնապես հանձնարարել է կառավարություն ձևավորել:
Նոր պաշտոնում Սալյամիի առանցքային խնդիրը պետանվտանգության ապահովումն է, մասնավորապես՝ Լիբանանի տարածքում սիրիական հակամարտության հետևանքների տարածման դեմ պայքարը: Այդ հարցի լուծումը բարդացնում է այն, որ երկրում գործում են սիրիական ռեժիմի կողմնակիցներ և հակառակորդներ: Նրանց միջև զինված առճակատումը կասեցնելու համար Լիբանանի իշխանությունները մի քանի անգամ ստիպված են եղել բանակային ստորաբաժանումներ դուրս բերել:
«Ես աջակցում եմ սիրիացի ժողովրդին, նրա ազատությունն ու ինքնիշխանությունը: Մենք կաշխատենք պաշտպանել Լիբանանը Սիրիայի ցանկացած բացասական ազդեցությունից»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական տվեց 2013-ի մարտի վերջին:







































