Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ջուրն է իջեցվել «Բայրաքթար» դեսանտանավը, որը Թուրքիայի խոշորագույն ռազմանավն է։ Նավի կառուցումը մեկնարկել է 2013 թվականին, նավի 70.68 տոկոսը կառուցվել է տեղի հնարավորություններով։
Թուրքական կողմն ընդգծում է, որ «Բայրաքթարը» ոչ միայն Թուրքիայում կառուցված ամենամեծ ռազմանավն է, այլև իր դասի նավերի թվում աշխարհի ամենամեծ դեսանտանավը։ Ռազմանավը նախատեսված է ցամաքային զորքերի ափհանման և ցամաքային զորքերին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար։
Նավի երկարությունը կազմում է 140 մետր, լայնությունը՝ մոտ 20 մետր, այնտեղ հնարավոր է տեղավորել 20 տանկ և տեղափոխել 1200 տոննա բեռ։ Նավում հնարավոր է տեղավորել 15 տոննա կշռով բազմանշանակ ուղղաթիռներ։ Ռազմանավը կարող է առանց լիցքավորման ծովում մնալ 30 օր, ընթացքի պաշարը կազմում է ավելի քան 5000 ծովային մղոն։ Նավի անձնակազմը բաղկացած է 486 մարդուց։ Նույն դասի երկրորդ ռազմանավը՝ «Սանջաքթարը», ջուրը կիջեցվի 2017 թվականի հոկտեմբերին։









































