Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր ցանկության մասին, մինչև Սահմանադրության նախագծի վերջնական տեքստի հրապարակումը հանդիպել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, և փորձել համոզել նրան, որ նախագծից հանվի վարչապետ դառնալու այն սահմանափակումը, ըստ որի վարչապետը պետք է չորս տարի մշտապես բնակվի Հայաստանում և լինի միայն ՀՀ քաղաքացի: Սակայն Հարությունյանը չի կատարել համայն հայության առաջնորդի խնդրանքը, ինչից հետո Աբրահամյանը որոշել է դառնալ սահմանադրական փոփոխությունների երդվյալ հակառակորդ:
Գործող Սահմանադրության 85-րդ հոդվածում ասվում է, որ վարչապետը և նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացի: Մինչդեռ Սահմանադրության նախագծով վարչապետի և կառավարության մյուս անդամների համար սահմանվում են ավելի կոշտ սահմանափակումներ: Նախագծի 148-րդ հոդվածում, որը կոչվում է՝ «Կառավարության անդամին ներկայացվող պահանջները», ասվում է. «Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջները»: Իսկ պատգամավորի համար սահմանված պահանջները ներկայացված են 48-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ «Ընտրական իրավունքը և հանրաքվեի մասնակցելու իրավունքը»: Դրանում ասվում է. «ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Արա Աբրահամյանը կարող է և ՀՀ քաղաքացիություն ունի, և եթե Սահմանադրության մեջ մնար միայն քաղաքացի լինելու պահանջը, ապա Արա Աբրահամյանը կկարողանար զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց հիմա նրա համար սահմանվում է միանգամից երեք արգելք՝ ՀՀ քաղաքացիությունը, Աբրահամյանը ՌԴ քաղաքացի է, մշտապես Հայաստանում բնակվելը՝ նա մշտապես բնակվում է Ռուսաստանում, և հայերենի իմացությունը՝ Աբրահամյանը չի կարողանում հայերեն խոսել, բայց եթե անգամ խոսում էլ է, դա չի կարող հայերենին տիրապետել համարվել:
Արա Աբրահամյանի քաղաքական հիմնական հենարան ՕԵԿ-ի և «Ժառանգության» նման բացասական վերաբերմունքը բացատրվում է հենց նման արգելքի առկայությամբ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 8-ին մեկնել է Մոսկվա, և այդ այցը կարող է անմիջականորեն կապ ունենալ Սահմանադրության նախագծի հանրաքվեի հետ: Բաղդասարյանը, թերևս, ուզում է հասկանալ, թե իրականում ինչպես են Ռուսաստանի իշխանությունները տրամադրված սահմանադրական հանրաքվեի նկատմամբ և արդյոք պատրաստ են աջակցել իր կուսակցությանը սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարում: Կմիանա ՕԵԿ-ը« Ոչ»-ի ճամբարին, թե նրանք չեզոք դիրք կգրավեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ կախված է այս այցի արդյունքներից: Հնարավոր է նաև, որ Բաղդասարյանը փորձելու է ռուսական իշխանություններին համոզել, որ Սահմանադրության նախագիծը անընդունելի է Ռուսաստանի համար:
Երեկ սահմանադրության նախագծի դեմ պայքարին միացավ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում Արա Աբրահամյանը 2013թ. տարավ Մոսկվա հայ ժողովրդին հաղթանակ բերելու համար: Երեկ Հովհաննիսյանը հայտարարել է. «Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»:
Այսպիսով, եթե Արթուր Բաղդասարյանը կարողանա ռուսական իշխանություններին համոզել, որ սահմանադրական փոփոխությունները փակում են պրոռուսական ուժերի ներկայությունը Հայաստանի քաղաքական կյանքում և ստեղծում են միակուսակցական համակարգ, որը սահմանափակելու է ռուսների գործունեության դաշտը Հայաստանում, ապա հնարավոր է, որ Հայաստանում ձևավորվի սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի մի նոր ճակատ՝ ՕԵԿ-ի և «Ժառանգության» մասնակցությամբ:
Արա Աբրահամյանին, Արթուր Բաղդասարյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին միավորում է ոչ միայ այն, որ նրանք երեքն էլ դեմ են Սահմանադրությանը, այլ նաև նրանց ռոմանտիկ էությունը: Նրանք երեքն էլ երազում են լինել նախագահ, վարչապետ ու համայն հայության առաջնորդ, բայց իրականում չեն կարողանում նույնիսկ մի նորմալ կուսակցություն պահել, որը կարող է հանրային աջակցություն ունենալ կամ կարևոր հարցերի շուրջ գոնե միասնական դիրքորոշում ունենալ:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնականով պատգամավոր չկարողացավ ընտրվել, բայց ուզում էր նախագահ ընտրվել, Արթուր Բաղդասարյանը չորս անգամ ընդդիմությունից իշխանություն և իշխանությունից ընդդիմություն դարձավ և հույս ունի, թե դեռ հայ ժողովուրդը պետք է իր ղեկավարած կուսակցությանը վստահի ու ձայն տա, իսկ Արա Աբրահամյանի տիեզերական ամբիցիաների մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է. նա նույնիսկ Մոսկվայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությամբ էր վախենում զբաղվել, բայց ուզում էր համայն հայության կողմից ճանաչված առաջնոդ լինել:
Հիմա էլ նրանց թվում է, թե իրենց դժբախտությունների հիմնական մեղավորը սահմանադրական փոփոխություններն են, եթե Սահմանադրությունը չփոխվի իրենք կլինեն այն, ինչ երազել են:








































