Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների պատգամավորները իրենց կառավարություններին կոչ են անում դիտարկել ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը չպահպանի Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին համաձայնագիրը։
Այդ մասին նշված է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կայքում։ Բանաձևի նախագիծն առաջարկել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի՝ տնտեսական ու անվտանգության հարցերով հանձնաժողովը։ Այն պետք է երկուշաբթի ընդունվի կազմակերպության լիագումար նիստում, որն այս տարի անցկացվելու է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում։
Պատգամավորները նաև կարծում են, որ պետք է պահպանվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ ամբողջովին չի իրագործվել հրադադարի մասին Մինսկյան համաձայնագիրը։ Բանաձևի նախագծում նշված է, որ ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունները պետք է լիակատար աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի կառավարությանն ու թուլացնեն Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը՝ նվազեցնելով ռուսական նավթից ու գազից Եվրոպայի կախվածությունը։










































