Վրաստաի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է «Զինվորական պարտականությունների մասին» օրենքի ուղղումները, որոնք նախատեսում են պարտադիր զինվորական ծառայությունը կրճատել մինչև մեկ տարի: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ուղղումների օգտին քվեարկել է 85 պատգամավոր: Օրինագծի հեղինակները պնդում են, որ ուղղումները կօգնեն կարգավորել զինակոչի հետ կապված խնդիրները, քանի որ գործող օրենսդրությունը միաժամանակ չի ապահովել զինակոչերի ռոտացիա:
Ուղղումները ենթադրում են նաև զինծառայության հետաձգում նրանց համար, ովքեր դպրոցից հետո բուհ ընդունվելու նպատակով անմիջապես գրանցվել են միասնական ազգային քննություններ հանձնելու համար:
Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նշել է, որ Վրաստանի զինված ուժերը պետք է գտնվեն մշտական մարտական պատրաստվածության վիճակում` Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ հավելյալ բազաների տեղակայման պատճառով:









































