ԵՄ-ն իրավական շրջանակներ է պատրաստում միության երկրներից տնտեսական ներգաղթյալներին արտաքսելու համար։ Խոսքն այն անձանց մասին է, ովքեր ոչ թե հետապնդումից են փախել, այլ ԵՄ երկրներ են եկել կենսամակարդակի բարելավման նպատակով։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտագործնախարար Ժան Ասելբորնը։
«Սկզբի համար պետք է ստեղծել շրջանակներ, իսկ այնուհետև՝ առաջիկա շաբաթներին և ամիսներին, անել ամեն ինչ, հատկապես Վալետայի (Մալթայի մայրքաղաք) գագաթնաժողովի շրջանակում։ Դրանից հետո կաշխատենք (ներգաղթյալների) ծագման երկրների հետ, որպեսզի կարողանանք հստակեցնել (տնտեսական) ներգաղթյալների վերադարձման ընթացակարգերը»,- ասել է նա։
Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարյուր հազարավոր ներգաղթյալներ, ովքեր մերժվել են փախստականի կարգավիճակի ստացման հարցում, կարտաքսվեն Եվրոպայից մի քանի շաբաթվա ընթացքում։ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։










































