Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության վտանգը պատճառներից մեկն է, որ ԱՄՆ-ը ներկայումս չի քննարկում Սիրիայում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու տարբերակներ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այդպիսի գոտիներն այն չեն, ինչ մենք քննարկում ենք հիմա: Արդյոք հնարավո՞ր է, որ դա դառնա քննարկման առարկա՝ ես կթողնեմ ձեր հայեցողությանը»,- ասել է նա:
Այդպիսի գոտիների ստեղծման կողմնակիցներին Էռնեստը խորհուրդ է տվել «պատասխանել հիմնական հարցին՝ որտե՞ղ դա անել»: «Ոմանք, ներառյալ՝ Թուրքիայոմ մեր դաշնակիցները, այդպիսի ոչ թռիչքային գոտիներ են առաջարկել թուրքական սահմանի երկայնքով, հատկապես՝ Սիրիայի հյուսիսային և նույնիսկ հյուսիսարևելյան մասերում: Մյուսները հանդես են գալիս հօգուտ այդպիսի գոտու ստեղծման երկրի արևմուտքում, որտեղ շարունակվում են (նախագահ Բաշար) Ասադի և ընդդիմության զորքերի բախումները»,- ասել է Էռնեստը:
«Հարցի պատասխանը՝ դուք ինչպե՞ս եք պատրաստվում ստեղծել այդ գոտիները, կարևոր է հատկապես որովհետև եթե դա արվի Դամասկոսի մոտ, Իդլիբ նահանգի մոտ, օրինակ, ապա դա հղի է Ռուսաստանի հետ ուղղակի դիմակայությամբ, քանի որ կառաջանա ոչ մեծ հակամարտություն, եթե փորձ արվի արգելված գոտի սահմանել այնտեղ, որտեղ հիմա թռչում են ռուսական ինքնաթիռները»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Բացի դրանից՝ Էռնեստը նշել է, որ այդ քայլը «պահանջում է լուրջ ռեսուրսներ», մասնավորապես՝ «մեծ քանակությամբ ինքնաթիռներ և մարտական անձնակազմ, որը դրանցով կթռչի, տեխնիկական աշխատողներ, որոնողա-փրկարարական բրիգադներ, որոնք պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակների դեպքում»:









































