Կոլումբիայում 78 տարեկանում մահացել է հայտնի ձեռնարկատեր Վիկտոր Կարանսան, որը հայտնի էր «Զմրուխտի թագավոր» մականունով: Նա աշխարհում վերահսկել է այդ թանկարժեք քարի արդյունահանման մեծ մասը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կարանսան երկու շաբաթ առաջ հոսպիտալացվել էր շագանակագեղձի քաղցկեղի բուժման նպատակով, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Մինչև կյանքի վերջին պահը նա եղել է Կոլումբիայի առավել եկամտաբեր հանքերի սեփականատերը, ինչպես նաև երկրում խոշոր կալվածատերերից մեկը: Նրան էին պատկանում աշխարհում երկու խոշորագույն և արժեքավոր զմրուխտները՝ Ֆուրան (11 հազար կարատ) և Տենան (2 հազար կարատ):
Կոլումբիայում, որը համաշխարհային շուկայում զմրուխտի խոշորագույն մատակարարն է, տարեկան արդյունահանվում է ավելի քան 120 միլիոն դոլար զմրուխտ:








































