Թուրքիայի դատախազությունը պատրաստել է երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դեմ մահափորձի գործով ամբողջական մեղադրական տեքստը, ըստ որի՝ մահափորձի գլխավոր մեղադրյալը թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսեզն է: Այս մասին հայտնում է Star թերթը:
Մեղադրական ակտն ուղարկվել է Անկարայի Քրեական դատարան: Սպասվում է, որ դրա ընդունման դեպքում դատախազը Էրսեզի համար կպահանջի ցմահ ազատազրկում:
Հաղորդվում է, որ գեներալ Էրսեզը նախկինում մեղադրվել է «Էրգենեկոն» կազմակերպությանը մասնակից լինելու մեջ: «Էրգենեկոնին» կասկածում են հակակառավարական դավադրության մեջ:
Օզալը մահացել է 1993 թվականին՝ տարօրինակ հանգամանքներում: Թուրքիայի նախկին նախագահի մահվան պատճառների հետաքննությունը վերսկսվել է՝ կապված այն շշուկների հետ, որ նրան թունավորել են: Պաշտոնական վարկածով՝ նա մահացել է սրտի անբավարարությունից, սակայն հանգուցյալի կինը հաստատում է, որ իր ամուսնուն թունավորել են:
Թուքիայի դատախազությունը անցած տարվա սեպտեմբերի կեսերին արտաշիրիմում նախաձեռնեց՝ չնայած այն բանին, որ նրա ընտանիքը դեմ էր: Վերցված նմուշների ուսումնասիրության արդյունքում դրանցում հայտնաբերվել էր թույն:
Հաշվետվության մեջ նշվում է, որ չնայած նախագահի աճյունում թույնի հայտնաբերմանը, մահը վրա է հասել ոչ թույնի ներգործությունից: Նրա մահվան հստակ պատճառը չի նշվել:










































