Ռուսաստանը երեկ Կասպից ծովի նավատորմից թևավոր մի քանի տասնյակ հրթիռներ է արձակել Սիրիայում «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Վերջին շրջանում ծավալված ՌԴ սիրիական ռազմարշավում, որը կարծեք թե դարձել է Սիրիայի շուրջ և ավելի լայն ընդգրկումով տարածաշրջանային թիվ մեկ խնդիրը, թևավոր հրթիռներով հարվածը որակապես նոր բաղադրիչ է՝ ի տարբերություն ռազմարշավի մեկնարկում Սիրիայի Տարտուսի ռուսական ռազմակայանից ԻԼԻՊ դիրքերին հասցված ավիահարվածների:
Ընդհանրապես, իհարկե, դժվար է ասել, թե իրականում ի՞նչն է ՌԴ թիրախը, և արդյո՞ք ԻԼԻՊ-ն իրական թիրախ է, թե՝ ոչ: Համենայնդեպս, հարվածների հետևանքների մասին առավել համոզիչ տեղեկատվությունը բացակայում է, միևնույն ժամանակ զարմանալի է, որ բացակայում են ԻԼԻՊ պատասխան հարվածի փորձերը: Սակայն խնդիրը, իհարկե, դա չէ, հատկապես Կասպից ծովից ռուսական թևավոր հրթիռների արձակումից հետո:
Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանի այս հայտարարությունները ընդամենը ինֆորմացիոն շոուներ չեն Պուտինի ծննդյան առիթով կազմակերպված, որը երեկ էր, և եթե գործ չունենք հերթական ինֆորմացիոն բադիկների հետ, որպիսին ռուսական իշխանությունն ու իշխանական քարոզչությունը բաց էին թողնում նաև ուկրաինական պատերազմում, ապա այստեղ առանցքային է դառնում հարվածի, այսպես ասած, ելակետի և զինատեսակի խնդիրը: Ռուսաստանը, փաստորեն, դուրս է գալիս զուտ Սիրիայի տարածքից և շրջանակը ընդլայնում մինչև Կասպից ծով, իսկ դա նշանակում է նաև Կովկաս և Կենտրոնական Ասիա: Սա շատ նման է մեսիջի, որ ուղղում է Պուտինն Արևմուտքին, այսինքն՝ Սիրիայից դուրս շատ ավելի մեծ շրջանակով եռացող կաթսա սարքելու մեսիջի, եթե հաշվի չնստեն Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ:
Եթե խոսքն այդպիսի մեսիջի մասին է և ոչ թե Ռուսաստանի պարզապես ուժի հուսահատ ցուցադրության, ապա այստեղ, իհարկե, իրավիճակը դառնում է բավականին պայթյունավտանգ, որովհետև դա նշանակում է, որ ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ կարող է լինել նաև Կովկասը, ըստ որում՝ իրավիճակից օգտվելու փորձ կարող է անել նաև Ադրբեջանը, և եթե եռացող կաթսան ընդլայնվեց, ապա կասկածից վեր է, որ Բաքուն կփորձի օգտվել իրավիճակից, առավել ևս, որ այդ պայմաններում Ռուսաստանի աջակցության հարցում կարելի է վայրկյան իսկ չկասկածել, ինչը ակնհայտ էր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մի շարք հայտարարություններից:
Ինչպես կընթանան զարգացումները Սիրիայում՝ դժվար է ասել, սակայն այն ընթացքը, որ նրանք ստացել են այսօր, ուղղակի մեծացնում է Հայաստանի համար արդեն իսկ առկա սպառնալիքները: Եվ ահա այս ֆոնին փորձենք տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Հայաստանում իրար հետ հարաբերություններ են պարզում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ականներն ու Սերժ Սարգսյանը, իսկ մնացյալ քաղաքական ուժերը և այսպես կոչված՝ ընդդիմություն-ոչ իշխանությունները փորձում են իրենց տեղն ու դերը ստանալ հարաբերությունների պարզաբանման այս գործընթացում:
Երբ համադրում ենք ներհայաստանյան այս իրականությունն ու օրակարգը Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին, ապա ակնհայտորեն մնում է միայն սարսափով արձանագրել, որ իրականում ամենամեծ սպառնալիքը այս պայմաններում հենց այս ներքին ոչ ադեկվատությունն է՝ գիտակցված, թե չգիտակցված:







































