Շուտով կթողարկվի հերթական «խելացի» ժամացույցի մոդելը, որը ստեղծվել է հատուկ ակտիվ ապրելակերպով մարդկանց համար, հայտնում է novate.ru-ն:
Intel-ի բազայով նորույթը տարեվերջին շուկա կհանի Fossil ընկերությունը: Այդ մոդելը հատկապես օգտակար կլինի երիտասարդ, ակտիվ և նպատակասլաց մարդկանց համար:
Fossil և Intel երկու աշխարհահռչակ ամերիկյան ընկերությունները ներկայացրել են Fossil Q «խելացի» ժամացույցը Նյու Յորքում Նորաձևության շաբաթի շրջանակներում:
Fossil ընկերությունը հիմնականում հայտնի է որպես հագուստի և աքսեսուարների արտադրող: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Fossil Group-ը խելացի ժամացույցների շուկայում էլ սկսնակ չէ: 2003 թվականին ընկերությունը թողարկել է Fossil Wrist PDA մոդելը՝ Palm օպերացիոն համակարգով:
Մշակողները հայտնել են, որ նոր ժամացույցները կունենան քայլաչափ և կալորիաների այրման հաշվիչներ, կլինեն և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար:
Ժամացույցները կունենան շրջանաձև էկրան, կաշվե կապիչներ: Դրանցում կօգտագործվեն թանկարժեք մետաղներ: Հայտնի է, որ մոդելը կաշխատի Android Wear օպերացիոն համակարգով և համատեղելի կլինի Android, iOS և Windows-ի հետ:
Ժամացույցը վաճառքի կհանվի 2015 թվականի դեկտեմբերին:

















































