Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը երեկ հաստատել է, որ իր ղեկավարը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ նպատակ ուներ 2018թ. առաջադրվել և ընտրվել նախագահ՝ զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահը այլևս պետության գլուխն է միայն դե յուրե, իսկ դե ֆակտո նախագահը խորհրդարանական մեծամասնության դրածոն է՝ զրկված իրական լծակներից: Քոչարյանի մամուլի խոսնակի ասածն այն է, որ նոր Սահմանադրության ընդունումը չի ստիպի Քոչարյանին հրաժարվել երկրի ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցնելու մտադրությունից, ինչին հասնելու համար նա կստեղծի կուսակցություն և այդ կուսակցության ցուցակը գլխավորելով՝ կմասնակցի 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
Իսկ ո՞ւմ վրա է Քոչարյանի հույսը, ովքե՞ր պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը: Արդեն մի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ դա հաստատ հայ հանրությունը չէ: Նախ՝ հայ ժողովուրդը որքան էլ դժգոհ լինի իր ներկա կյանքից, չի գնա և ձայն չի տա Քոչարյանի ղեկավարած կուսակցությանը: Մյուս կողմից՝ Քոչարյանը 10 տարի ղեկավարելով Հայաստանը և առնվազն 6 համապետական ընտրությունների կազմակերպմանը մասնակցելով՝ տեղեկացված է, որ հանրության կարծիքը ընդհանրապես որևէ նշանակություն չունի ընտրության արդյունքների համար: Նրա հույսը Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան է, օլիգարխան, որին Քոչարյանը պետք է համոզի, որ իր իշխանության գալու դեպքում ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման պարագայում:
Գործող խորհրդարանում Քոչարյանը ունի մի քանի բացահայտ կողմնակիցներ ԲՀԿ խմբակցության կազմում: Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Տիգրան Ուրիխանյանը թեև չեն զբաղվում Քոչարյանի բացահայտ քարոզչությամբ, բայց պարզ է, որ նրա վերադարձի պայմաններում պատրաստ են լինել նրա կողքին: Բայց նրանց աջակցությամբ ընտրություն չես կեղծի, և նրանք չէ, որ կարող են ապահովել վերադարձը իշխանություն: Քոչարյանին պետք է, որ իր վերադարձի մեջ շահագրգռված լինեն ԲՀԿ-ի և հատկապես ՀՀԿ-ի գործարար հատվածի պատգամավորները, այն մադրիկ, ովքեր իրական ազդեցություն ունեն տեղերում, Քոչարյանին պետք է կազմաքանդել իշխանական բուրգը և այն տանել գործող նախագահի տակից:
Այդ իմաստով ստեղծված իրավիճակը բավականին նպաստավոր է Քոչարյանի համար: Իշխանական էլիտան այնքան էլ գոհ չէ նախագահ Սարգսյանի կառավարման արդյունքներից: Սա՝ մեղմ ասած: Այդ էլիտայի որոշ ներկայացուցիչներ բացահայտ դժգոհ են Սարգսյանի կառավարման արդյունքներից և մտահոգություն ունեն, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո իրենք ընդհանրապես դուրս են մղվելու իշխանությունից: Քոչարյանի քարոզիչները ակտիվորեն համոզում են այդ էլիտայի ներկայացուցիչներին, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո օլիգարխիայի վիճակը կտրուկ վատթարանալու է, որ նրանց ունեզրկելու են, իսկ դրանից ազատվելու միակ ճանապարհը ճամբարափոխությունն է, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը և նրա վերադարձը աջակցելը:
Հանրապետական խմբակցության պատգամավորների մի զգալի մասը կմերժի Քոչարյանական էմիսարներին՝ մտավախություն ունենալով, որ դավաճանությունը կարող է թանկ նստել իրենց վրա, բայց հաստատ կգտնվեն նաև այնպիսիները, ովքեր կփորձեն իրենց բախտը:
Քոչարյանին, իհարկե, չի հետաքրքրում ՀՀԿ-ականների կամ ԲՀԿ-ականների ճակատագիրը, չի հետաքրքրում՝ նրանք կունեզրկվե՞ն, թե՞ կկրկնապատկեն իրենց ունեցվածքը: Լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ նա հասկանում է, որ այդ կարողությունը պաշտպանելու համար պետք է քաղաքական հենարան: Մինչև վերջերս այդ քաղաքական հենարանը ԲՀԿ-ն էր, որը սակայն մասնատված է, և նրա հիմնական մասը դուրս է եկել իր ազդեցությունից:
Քոչարյանը կցանկանար մնալ ստվերում և քաղաքական կյանքում գործեր միջնորդների միջոցով, ինչպիսին մինչև վերջերս հանդիսանում էր Գագիկ Ծառուկյանը: Բայց Քոչարյանը իր շրջապատում չգտավ այնպիսի մեկին, ով կարող էր փոխարինել Ծառուկյանին և ներկայացնել իր շահերը քաղաքական դաշտում: Քոչարյանը փորձեց այդ նպատակի համար օգտագործել Վարդան Օսկանյանին, բայց պարզվեց, որ Օսկանյանը պիտանի չէ այդ դերի համար, որովհետև չունի կազմակերպչական ընդունակություններ և զուրկ է առաջնորդի հատկանիշներից:
Այնպես որ, նա պարտադրված է իր դեմքով հանդես գալ և անձամբ ղեկավարել իր կողմից ստեղծվելիք կուսակցությունը: Եթե անգամ այդ կուսակցությունը չհաղթի ՀՀԿ-ին, Քոչարյանը կուզենար, որ իր կուսակցությունը գոնե այնպիսի ներկայություն ունենար խորհրդարանում, որը կկարողանար ՀՀԿ-ին զրկել մենիշխանությունից: Քոչարյանը այդ հնարքը փորձեց 2007թ. խորհրդարանական ընտրություններում՝ ստեղծելով և քաղաքական դաշտ մտցնելով ԲՀԿ-ին, հիմա նույնը նա անելու է 10 տարի անց: Անկեղծ ասած՝ 10 տարի առաջվա նրա փորձը չտվեց ցանկալի արդյունք, չնայած նա այն ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, տեսնենք, թե ինչ կստացվի այսօր:








































