ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ իրենք պաշտոնական քարոզարշավի ընթացքում պատրաստվում են Տարոն Մարգարյանի հետ այցելել Երևանի տարբեր բակեր՝ քաղաքացիներին հանդիպելու և Երևան քաղաքի խնդիրներին ծանոթանալու համար:
Նա նաև նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցեր, շտաբի կազմավորման և քարոզչության հետ կապված խնդիրներ, իսկ կառավարության փոփոխության հարց չի քննարկվել։ «Ամեն ինչ՝ իր ժամանակին»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի հետ դժոխք կգնա, և ասաց. «Կարծում եմ՝ մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ձգտեն գնալ դրախտ, ոչ թե՝ դժոխք: Ապրիլի 9-ին տեղի է ունենալու վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ մնացածն արդեն քաղաքական հնարքների դաշտից են, որոնք ուղղված են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին:
Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Պռոշյանի գյուղապետի սպանության և շրջանառվող այն լուրերի մասին, թե սպանության հետևում կանգնած են Հանրապետական կուսակցության անդամներ, և ասաց. «Նախ՝ ցավակցում եմ, հետո՝ ցանկացած օրենքի խախտում դատապարտելի է, իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ, որ սպանությունն իրականացնողները պատժվեն: Սա իրավական հարթության խնդիր է, և կխնդրեի ժամանակից շուտ եզրակացություններ չանել: Ես քաղաքական ենթատեքստը բացառում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































