Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել ազատականացնել այցագրային ռեժիմը Թուրքիայի հետ՝ հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը։
«Նախագահը հայտնել է մեր այցագրային ռեժիմը բարելավելու Թուրքիայի հայտի մասին։ Ես նախագահին վստահեցրել եմ, որ մենք այդ հարցը մանրամասն կքննարկենք։ Եվրոպական խորհրդարանն աջակցություն կցուցաբերի և օգտակար կլինի այնքանով, որքանով հնարավոր է»,- ասել է Շուլցը լրագրողներին՝ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով։ Էրդողանը պետական այցով գտնվում է Բրյուսելում։
Ինչպես ավելի վաղ RIA Novosti-ին հայտնել էր Բելգիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը՝ ԵՄ-ն կարող է Թուրքիայի քաղաքացիներին առանց այցագրի մուտք տրամադրել միության տարածք, եթե Անկարան ընդունի Բրյուսելի մի շարք պայմաններ։
«ԵՄ-ն կարող է Թուրքիայի քաղաքացիների համար թույլատրել առանց այցագրի ռեժիմ, սակայն փոխարենը պահանջում է, մասնավորապես, թուրքերի կողմից հույների հետ համատեղ Էգեյան ծովի արևելյան մասի պարեկության իրականացում, ինչպես նաև Թուրքիայում ԵՄ կողմից փախստականների ընդունման ու գրանցման 6 կենտրոնների բացում ու կառավարում»,- ասել է նա։









































