Սաուդյան Արաբիան և Կատարը կոչ են անում միջազգային գործակալություններին բարձրացնել իրենց վարկային վարկանիշերը: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով արաբ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ Ալ-Ասաֆը և նրա կատարցի գործընկեր Յուսուֆ Քեմալը կարծում են, որ իրենց երկրներն արժանի են բարձր՝ ААА վարկանիշին: Պաշտոնյաները վարկանիշերի բարձրացման պահանջը բացատրում են իրենց պետությունների ֆինանսական լավ դրությամբ:
Վարկանիշային գործակալությունները նշում են, որ վարկունակության վարկանիշերի բարձրացման համար հաշվի է առնվում ոչ միան պետության ֆինանսական վիճակը, այլև երկրում տիրող քաղաքական վիճակը: Բացի այդ, գործակալությունների փորձագետները իջեցնում են ընդհանուր գնահատականը, եթե պետության մեջ որոշումների ընդունման մեխանիզմը համարում են ոչ բավարար թափանցիկ: Վարկանիշերի վրա ազդում է նաև հումքային արտահանումից տնտեսության ծայրաստիճան կախվածությունը:
Պարսից ծոցի երկրներում քաղաքական իրադրությունն անկայուն է մնում «արաբական գարնանից» հետո:










































