«Եթե ՀՀ-ում հանքարդյունաբերությունը չսանձվի, այսինքն` չբերվի հարկային դաշտ, եթե քաղաքականությունը չփոխվի և այսպես համատարած անկառավարելի հանքահանում լինի` պոչամբարով և թափոններով, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մահաբեր մետաղներ, Հայաստանում տասնամյակներ հետո` որպես երկիր անհնար կլինի ապրել»,- այսօր հանքարդյունաբերության ոլորտի և խնդիրների վերաբերյալ քննարկմանը ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նրա խոսքով`առաջին խնդիրը պետք է բերել հարկային դաշտ, մարդիկ այսօր հանք են վերցնում, որը անգամ եթե նորմալ երկրում աշխատի, շահույթ չի ունենա, իսկ մեզ մոտ գերշահույթ են ստանում, այսինքն`Հայաստանը մորթոտվում է, և առաջին հերթին` մորթոտվում է Հայաստանի պետականությունը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում չկա հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգ, մենք ունենք Հայաստանի անվտանգության հայեցակարգ, որտեղ գրված է, որ Հայաստանի ընդերքի հարստությունը ժողովրդի սեփականությունն է, որից բաժին պետք է հասնի գալիք սերնդին, միաժամանակ գրված է, որ Հայաստանում նոր հանքերի շահագործումը համարվում է գերակա:
Հայաստանում, նրա խոսքով, ցեղասպանություն է իրականացվում: Հայաստանում այսօր 518 հանքավայր կա, 34-ին էլ մետաղահանքերի լիցենզիա է տրված: Առաջին հերթին, Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ, պետությունը պարտավոր է հանքարդյունաբերությունը ենթարկել հարկման, արդյունքում պետությունը կհարստանա, և մենք կունենանք ոչ թե 3 միլիարդի բյուջե, այլ 30-40 միլիարդի բյուջե: Գումարը չի գնա գողերի գրպանը, պետք է դարդարեցնեն օրենքով սահմանված գողությունը:
Քննարկմանը ներկա էր նաև Մելիք գյուղի մի բնակիչ, որը ներկայացրեց գյուղի առկա խնդիրները` նշելով, որ նախկինում գյուղը բազմաթիվ աղբյուրներ ուներ, հիմա հանքարդյունաբերության հետևանքով չկան աղբյուրներ, ջրի խնդիր է առկա գյուղում:
Նան նշեց, որ գյուղը տասնհինգ տարի է` փորում են, ամեն երկու տարին մեկ պոչամբար են սարքում, արդյունքում ջրում մեկ ձուկ անգամ չկա: Նա պատմեց, որ ժամանակին գյուղում մեղու էր պահում, ամռան շոգին ջրի ափին կանգնում ջուր էին խմում մեղուները, հիմա անգամ մեղուն թունավորված ջրից ջուր չի խմում:
Մելիք գյուղի երիտասարդությունը, նրա խոսքով, հուսահատված է, ամեն մեկը իր գլխի ճարը արտագաղթի մեջ է տեսնում: Արդեն հիսուն տուն դատարկ է: Մարդիկ ձեռք են բերել ուռոլոգիական խնդիրներ:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հովսեփ Հովհաննիսյանը հարցին` թե արդյոք գյուղում կա նման վիճակագրություն, որ այդ հիվանդությունները առաջացել են հանքահանման արդյունքում, պատասխանեց, որ Արագածոտնի մարզը ոչնչով չի տարբերվում մյուս մարզերից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































