Օրերս Ամստերդամի առևտրի կենտրոններից մեկի այցելուները դարձել են խանութից անսովոր գողության վկա: Արտասովոր հանդերձանքով երիտասարդը ինչ-որ իր է գողացել և սկսել է փախչել, որից հետո նրան փորձել են բռնել կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի հրաձիգները: Այն նույն հրաձիգները, որոնք 17-րդ դարի կեսերին դարձել են Ռեմբրանդտի «Գիշերային պահակախումբ» հայտնի կտավի կերպարներ:
Երիտասարդին բռնելու համար առևտրի կենտրոնի երրորդ հարկից ճոպաններով իջել են թագավորական պահակախմբի անդամները: Միևնույն ժամանակ, առևտրի կենտրոնում հայտնվել են նաև այլ տարօրինակ անձինք՝ երկար զգեստով աղջիկ, երկաթե սաղավարտով թզուկ, արծիվներով հեծյալներ:
Պարզվում է` այսկերպ նրանք տեղեկացրել են, որ ապրիլի 13-ին կայանալու է Ամստերդամի պետական թանգարանի ցանկալի բացումը, որը շուրջ 10 տարի չի գործել վերանորոգման պատճառով: Թանգարանում կարելի է տեսնել Ռեմբրանդտի, Յան Սթենի և հոլանդացի այլ վարպետների աշխատանքներ:







































