Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքապետ Ջովանի Ալեմանոյի կարգադրությամբ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մարվել են Կոլիզեյը լուսավորող ջահերը, հաղորդում է BBC-ն: Դրա փոխարեն` հնագույն ամֆիթատրոնի պատերին ցուցադրվել են ծովային հետևակի երկու զինվորների պատկերները, որոնք Հնդկաստանում մեղադրվում են երկու ձկնորսի սպանության մեջ:
Հնդկաստանում կատարված հետաքննության համաձայն՝ Մասիմիլանո Լատորեն և Սալվատոր Ջիրոնեն 2012թ. փետրվարի 15-ին Կերալա նահանգում կրակ են բացել ձկնորսական նավի վրա՝ կարծելով, թե այն ծովահենների նավ է, ինչի հետևանքով սպանվել է 2 ձկնորս:
Նրանք բանտում անցկացրել են 9 ամիս. փետրվարի 24-25-ին նրանց թույլատրել են վերադառնալ հայրենիք՝ ընտրություններին մասնակցելու համար, որից հետո կրկին տեղափոխել են Հնդկաստան դատաքննությանը մասնակցելու:









































