Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Ռշտունու նախագահությամբ շարունակվում է Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Հրաչյա Գևորգյանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել 26-ամյա Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր է տեղափոխել իր ծանոթուհի Ն.-ին ու նրա անչափահաս որդուն:
Պատանդներին ազատելու պայմանով Ն.-ի հորից հարկադրաբար պահանջել է գումար և ստացել 600 հազար դրամ: Ն.-ի հայրը դիմել է իրավապահներին:
Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը, նախկինում գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս Ն.-ի հորից, շորթման եղանակով՝ սպառնալով, թե կնվաստացնի նրա դստերը՝ վերջինիս մերկ լուսանկարների ցուցադրմամբ, կվնասի Ն.-ին ու նրա երեխաներին, պահանջել ու ստացել է խոշոր չափերի գումար:
Հրաչյա Գևորգյանը մեղադրվում է նաև ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար:
Այս գործը դատական քննության է նշանակվել մեկ տարի առաջ՝ 2012 թվականի ապրիլի 19-ին: Հարցաքննվել են վկաները, տուժողները: Առաջիկա նիստին կհետազոտվեն քրեական գործում առկա փաստաթղթերը և կհարցաքննվեն ամբաստանյալները:
Տուժող Ն.-ի հարցաքննությունն ընթանում էր դռնփակ պայմաններում: Մինչ դատարանը հարցաքննում էր Ն.-ին, միջանցքում Հրաչյա Գևորգյանի մայրն ասաց, թե իր զավակ Հրաչը Ն.-ին ու նրա տասնհինգամյա որդուն պատանդ չի վերցրել, այլ դարձել է «կնոջ շառի» զոհ: Անմեղ զոհ է նաև Գարիկ Հարությունյանը:
Ըստ տարեց կնոջ՝ Ն.-ն Հրաչյայի հետ եղել էր մտերիմ հարաբերությունների մեջ, այցելել էր նրան ազատազրկման վայրում, մեկ տարվա ընթացքում որոշ ընդմիջումներով ապրել իր տանը, իրեն «մամա» անվանել և պարտքեր արել՝ ամենուր ներկայանալով որպես Հրաչյայի կին:
«Հրաչն էր գաղութից նրան փող ուղարկում, որ տան վարձ տա»,- ասաց Հրաչյայի մայրը:
Պարտատերերը շուտով սկսել էին անհանգստացնել, Ն.-ն երեխայի հետ հեռացել էր Հրաչյայի տնից: Հրաչյայի մոր բազմաթիվ խնդրանքներից հետո խոստացել էր գումար տալ, որ իր կուտակած պարտքերը փակվեն, սակայն չէր տվել:
Երբ Հրաչյան ազատություն էր դուրս եկել, Ն-ի պարտապանները Հրաչյային էին դիմել: Վերջինս էլ պահանջել էր, որ Ն.-ի հայրը որոշակի գումար տա՝ դստեր պարտքերը փակելու համար:
Ըստ Հրաչյայի մայրիկի՝ իր որդին Ն.-ին պատանդ չի վերցրել, Ն.-ն իր ոտքով, «համակարգիչն էլ թևի տակ», տասնհինգամյա որդու հետ եկել է իրենց տուն, դեռ իրեն էլ նորից «մամա» է ասել ու համբուրել, սուրճ է եփել, լողացել իրենց տանը:
«Բա պատանդը սուրճ կեփի ու կլողանա՞»,- հարց էր տալիս տարեց կինը: Նա ասում էր նաև, որ Ն.-ն իրենց տանը եղած ժամանակ օգտագործել էր դյուրակիր համակարգիչը, համացանց մտնելու հնարավորություն ունեցել, «Օդնոկլասնիկի» կայք մտել: Եթե Հրաչյան նրան հարկադրաբար էր պահում, նա կարող էր այդ մասին գրել համացանցում, օգնություն խնդրել:
Հրաչյայի մայրիկը պատմեց, որ սեղանի շուրջ նստած են եղել, երբ իրենց դուռը ուժգին բախել են իրավապահները, ներխուժել, իրեն հրել ու գցել հատակին, որդուն ծեծել:
Առգրավվել ու իրեղեն ապացույց է դարձել 600 հազար դրամը:
Ըստ Հրաչյայի մոր պատմածի՝ որդին նախաքննության ժամանակ, ի նշան բողոքի, մեխեր է կուլ տվել. «Ստամոքսը լիքը մեխ է, խեղճ երեխես անառողջ, անմեղ՝ դատվում է, ընդամենը մեկ ամիս առաջ էր ազատվել, նորից գլխին սարքեցին ու բռնեցին»:
Մայրը բողոքներ է գրել պատկան մարմիններին, դիմել հասարակական կազմակերպություններին: Հրաչյա Գևորգյանի շահերը պաշտպանում է Հելսինկյան ընկերակցության հատկացրած փաստաբանը:
Դատարանը հարցաքննեց Ն.-ի հորաքրոջը: Վերջինս ասաց, թե 63 տարեկան կին է, շատ բան չի հիշում, բայց լավ հիշում է, որ մի անգամ Հրաչյան կալանավայրից իր հեռախոսին մերկ կնոջ՝ իբր Ն.-ի լուսանկարն էր ուղարկել, հետո զանգել ու իրեն ասել, թե այդ լուսանկարը կտարածի կամ Ն.-ին կսպանի, եթե նա լքի իրեն:
Հորաքույրն ասաց, որ լուսանկարում պատկերվածը, իր կարծիքով, Ն.-ն չէր. կրծքերը շատ մեծ էին, իսկ պատկերը՝ շատ խավար:
Մի անգամ էլ Հրաչը կալանավայրից զանգել ու իրենից 40 հազար դրամ է ուզել, շատ է խնդրել, որ ինքն այդ գումարը տա Ն.-ին, վերջինս էլ հասցնի կալանավայր: Ինքը սկզբում չի ցանկացել գումար տալ, բայց Հրաչը շատ է խնդրել, ու ինքը տվել է:
Հրաչն այդպես էլ այդ գումարը չի վերադարձրել, վերադարձրել են Ն.-ի ծնողները: «Ես իմ ընտանիքի, իմ տան գործերին եմ, ես էս գործի հետ ոչ մի կապ չունեմ, չեմ էլ հետաքրքրվում»,- ասաց հորաքույրը:
Պատա՞նդ են եղել Ն.-ն ու իր որդին Հրաչյա Գևորգյանի տանը, թե՞ իրենց կամքով գնացել ու հանգիստ ժամանակ են անցկացրել, մեղսագրված արարքները կատարե՞լ են ամբաստանյալները, թե՞ ոչ. դատաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, ամբաստանյալներն էլ դեռ չեն հարցաքննվել:
Կողմերից ամեն մեկը պնդում է իր տեսակետը: Եվ դատարանում է որոնվում ճշմարտությունը:








































