Մեքսիկայում Գերերո նահանգի ուսուցիչները մասնակցել են բողոքի ակցիային, որի հետևանքով տուժել է Չիլպանսինգո քաղաքում տեղակայված նահանգային Կոնգրեսի շենքը, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ նրանք որոշ ժամանակով գրավել են նաև տեղի 4 ռադիոկայանները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կրթության ոլորտի աշխատողների ներկայացուցիչների խոսքով՝ ակցիայի պատճառը իշխանությունների կողմից խաբեությունն է: Նրանք խոստացել էին կրթության մասին տեղի օրենքի բարեփոխումների նախագիծն ուղարկել հաստատման՝ հաշվի առնելով ուսուցիչների կարծիքը:
Պատգամավորները փաստաթուղթն ընդունել են այլ տեսքով՝ առանց կրթական արհմիության կարծիքը հաշվի առնելու: Այդ է պատճառը, որ առավոտից հազարավոր ուսուցիչներ դուրս են եկել ցույցի: Նրանք իրենց հետ փողոց են դուրս բերել դագաղներ, որոնցից մեկի վրա գրված է եղել. «Գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին»:
Կոնգրեսի առջև բողոքի ցույցի մասնակիցները սկսել են կոտրել շենքի ապակիները, վնասել մոտակայքում կայանված մեքենաները: Նրանք տեղի 4 ռադիոկայաններով հայտնել են իշխանություններին ուղղված իրենց պահանջները:
Ցուցարարները պահանջել են վերանայել խորհրդարանի կողմից հաստատված բարեփոխումների նախագիծը, պահպանել անվճար կրթությունը և դպրոցների շրջանավարտների համար բուհերում երաշխավորված տեղերը, կասեցնել դպրոցականների ընտանիքներից դրամահավաքները և պահպանել կրթության ոլորտում աշխատանքային օրենսդրությունը:











































