«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) առաջնորդներն այսօր հանդիպում կանցկացնեն Փարիզում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Օրվա աշխատանքային ծրագիրը բացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների երկկողմ հանդիպումը, որն արդեն անցել է Ելիսեյան պալատում։
Ներկայումս ընթանում են Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի բանակցությունները։
Երեկ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանից հայտ է ստացվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման վերաբերյալ։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նման հանդիպում Պուտինի գրաֆիկում չկա։
«Նորմանդական քառյակի» հանդիպման օրակարգում է Դոնբասում ընտրությունների անցկացման հարցը, շփման գծից զորքերի դուրսբերումը, ԵԱՀԿ դիտորդների հասանելիության ապահովումը և այլ հարցեր։
Բարձր մակարդակով «նորմանդական քառյակի» նախկին հանդիպումը տեղի էր ունեցել Մինսկում փետրվարի 11-12-ը։








































