Ճապոնայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարին մեղադրել են միլիտարիզմի և սեքսիզմի մեջ այն բանի համար, որ նա կանանց խնդրել է ավելի շատ երեխաներ ունենալ: Այդ մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Մեկնաբանելով հայտնի երգիչ Մասահարու Ֆուկույամայի և դերասանուհի Կադզուե Ֆուկիսիի ամուսնությունը, Յոսիհիդե Սուգան հայտարարել է. «Հույս ունեմ, այդ ամուսնությունը մայրերին կդրդի երեխաներ ունենալու: Խնդրում եմ, ավելի շատ երեխաներ ծնեք»:
Սուգայի այդ խոսքերը խիստ արձագանք են առաջացրել: Ֆեմինիստները նրան մեղադրել են սեքսիզմի, իսկ ձախ ճամբարի հակառակորդները` այն բանի մեջ, որ նա գնում է ճապոնական միլիտարիստների ճանապարհով, ովքեր կանանց կոչ են արել ավելի շատ զինվորներ ծնել:
Արդարանալով` Յոսիհիդե Սուգան բացատրել է, որ նա ուղղակի իր ուրախությունն է արտահայտել հայտնի փոփ-աստղերի ամուսնության կապակցությամբ, և ավելացրել, որ կառավարությունը պետք է այնպիսի հասարակարգ ստեղծի, որտեղ ավելի հեշտ կլինի ամուսնանալ և երեխաներ դաստիարակել:










































