«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը երեկ հրապարակած իր առաջին հաշվետվությամբ հիմնավորված համարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոսանքի սակագնի բարձրացման որոշումը։ Հիշեցնենք, որ այս խորհրդատվական ընկերությունը Կառավարության պատվերով պետք է ուսումնասիրեր, թե որքանով է հիմնավորված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոսանքի 7 դրամ թանկացման որոշումը։ Ու թեև սա առաջին ու նախնական հաշվետվությունն է, սակայն ամեն ինչ արդեն իսկ ասված է։ Ընդ որում՝ հաշվետվության որոշ հատվածներ նույնությամբ կրկնում են կառավարության և այս ժամանակահատվածում տարբեր պետական պաշտոնյաների դիտարկումները, թե ՀԷՑ-ը վնասով է աշխատել, քանի որ տարին սակավաջուր էր, ատոմակայանը 80 օր չի աշխատել և այլն։
Քաղաքացիական ակտիվիստ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այդ խորհրդատվությունն ի սկզբանե աճպարարություն էր, ոչ մի հարցի պատասխան էլ չէր տալու, քանի որ հարցադրումն էր ի սկզբանե սխալ դրված։ Հարցը պետք է դրվեր ոչ թե 7 դրամ թանկացման հիմնավորվածությունը ստուգելը, այլ այն, թե արդյոք այս նոր սակագինը հիմնավորված է։ «Այս նոր սակագնի մեջ միայն 1/7-րդ մասն է այդ 7 դրամը և 6/7-րդ մասը՝ հին սակագինը՝ 42 դրամը։ Մենք պետք է քննարկեինք, թե այդ 42 դրամը հիմնավոր էր, թե ոչ, քանի որ մեր համոզմամբ սակագինը պետք է լիներ 25 դրամի միջակայքում և թանկանար 7 դրամով»,- ասաց Դանիելը։
Վերջինիս խոսքով՝ ուռճացված է նաև ՀԷՑ-ի աշխատողների թիվը։ ՀԷՑ-ը սպասարկում է 1 միլիոն բաժանորդ և ունի 8 հազար աշխատող այն պարագայում, երբ վրացական «Տելասի» ընկերությունը ունի 515 հազար բաժանորդ և ընդհամենը 2070 աշխատակից։ «Դա նշանամում է, որ ՀԷՑ-ի աշխատողների թիվը 2 անգամ ուռճացված է, որը խնդրահարույց է»,- ասաց Դանիելը՝ հավելելով, որ քննարկման առարկա է նաև հարցը, թե ինչպես եղավ, որ ատոմակայան ունեցող, լեռնային գետեր ունեցող երկիրը նման խնդրի առաջ է կանգնում, իսկ Վրաստանը, որը ո՛չ ատոմակայան ունի, ո՛չ Իրանի հետ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտեր, Վրաստանում հոսանքի սակագինը սկսում է 12 դրամից։ «Այսինքն՝ այս խորյրդատվությունը, հաժվետվությունները, աուդիտը մի խառնաշփոթ պատմություն է, որը հիշեցնում է ժամանակին ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացը»,-նկատեց Դանիելը։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար ինչ-որ տեղ նաև զավեշտալի է միջազգային խորհրդատվական ընկերության հաշվետվությունը, քանի որ մասնագիտական փաստաթղթում խոսվում է ցույցերից, ցուցարարների պահանջներից, որը ավելի շուտ հիշեցնում է կառավարության պատասխանները ու դիտարկումները։ «Խորհրդատվական ընկերությունն ինչով է առաջնորդվում, որ ինքը քաղաքական բնույթի ձևակերպումներ է դնում մասնագիտական տեքստում, ինձ համար անհասկանալի է»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Տնտեսագետի խոսքով՝ հարկատուների հաշվին մասնավոր ընկերությանը ոչինչ չանելու դիմաց 230 հազար դոլար վճարելու փոխարեն պարզապես պետք էր ՀԾԿՀ կայքում մեկ ֆունկցիա ավելացնել և հանրությունը կարող էր ինքը հաշվարկեր և տեսներ նոր սակագինը։ Ինքը ժամանակին այդ սխեման բացատրել է ՀԾԿՀ նախագահին, բայց ինչպես պարզ դարձավ, կառավարությունը նախընտրեց հարկատուների հաշվին հսկայական միջոցներ ծախսելը։
Մանուկյանը հերթական անգամ պնդում է, որ այս հաշվետվությունը, խորհրդատվությունն ավելի շատ հարկավոր էր ռուսական ծագմամբ ներդրողին։ Դրա մասին անգամ վկայում է ՀԾԿՀ կայքում հաշվետվության տեքստի թարգմանությունը։ «Երբ որ ՀԾԿՀ-ի կայքում եղավ խորհրդատվական ընկերության հրավերի առաջադրանքը, ապա դա հայերեն և անգլերեն էր, իսկ հիմա, երբ կայքում տեղադրված է ընկերության հաշվետվությունը, այն հայերեն և ռուսերեն է։ Բնական հարց է առաջանում՝ ով էր իրենց խնդրել ռուսերեն թարգմանել այդ տեքստը։ Այսինքն՝ պարզ է, որ այս ամենը ներդրողի ու պոտենցիալ գնորդի համար էր»,- նկատեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության վերջնական հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերին։











































