Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ժամանակ Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին՝ կապված Սաուդյան Արաբիայում իրանցի ուխտագնացների զոհվելու հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի իրագործման հարցն ու Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացման հարցը։ Ռուհանին հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն գիտատեխնիկական և այլ ոլորտներում փոխհամագործակցության զարգացման համար։
Պուտինը հույս է հայտնել, որ շուտով կարող է մեկնել Թեհրան և քննարկել երկկողմ հարաբերությունները տնտեսական, գիտական ու ռազմավարական ոլորտներում։ ՌԴ նախագահը կոչ է արել Մոսկվայի ու Թեհրանի միջև համագործակցությունը խորացնել ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովման հարցերում։










































