Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պլանի համար, հայտնում է Lenta.ru-ն: Քաղաքական գործչի հայտարարությունը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
«Այդպիսի հանդիպում անցկացնելու որոշումը սխալ է: Դա ձեռնտու է Ռուսաստանին, խափանում է ԱՄՆ-ի քաղաքականությունը և օրինականացնում Պուտինի անկայունացնող վարքը»,- ասել է Մակքեյնը:
Մակքեյնը ասել է, որ ԱՄՆ-ի բանակը կկարողանա ինքնուրույն հաղթահարել ԴԱԻՇ-ին, և դրա համար չի պահանջվում պետությունների ղեկավարների հանդիպում, և հիշեցրել, որ Ռուսաստանը Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ համատեղ ստեղծել է տեղեկատվական կենտրոն ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:
Մակքեյնի կարծիքով՝ Պուտինը «ցանկանում է ռուսական իշխանությունը ընդլայնել Մերձավոր Արևելքում մինչև այն աստիճան, ինչպիսին չի եղել վերջին չորս տասնամյակում»:
Սենատորը խորհուրդ է տվել Օբամային հավանություն չտալ Ռուսաստանի գործողություններին Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև Պուտինին հասկացնել, որ ԱՄՆ-ը ոչ մի պայմաններում չի միանա Ռուսաստանի հետ, եթե վերջինս շարունակի համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: «Դա պետք է ասվի անձամբ Պուտինին, ինչպես նաև հրապարակայնորեն հանդիպումից հետո»,- ընդգծել է Մակքեյնը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ի կեսօրին՝ Երևանի ժամանակով գիշերը:







































