Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել է հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:









































