Համաձայն գերմանական ԶԼՄ-ների անցկացրած մի շարք հարցումների` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանրաճանաչ լինելը երկրի բնակիչների շրջանում զգալիորեն նվազել է, գրում է Der Spiegel-ը:
Ըստ վարկանիշի` Գերմանիայի կանցլերն առաջին անգամ առաջատարությունը զիջել է սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Հարցման մասնակիցների 67 տոկոսը ցանկություն են հայտնել, որպեսզի ապագայում Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը «կարևոր դեր խաղա»:
Վարկանիշի առումով Մերկելը չորրորդ տեղում է: Դա ամենավատ արդյունքն է կանցլերի պաշտոնը նրա զբաղեցնելուց ի վեր:
Հանրաճանաչ լինելու առումով Մերկելին շրջանցել է ոչ միայն Շտայնմայերը, այլև Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, ինչպես նաև դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը:










































