ԱՄՆ կոնգրեսում Հռոմի պապի ելույթից հետո Փենսիլվանիա նահանգից ներկայացուցիչների պալատի անդամ Բոբ Բրենդին ամբիոնից տարել է ջրով լի բաժակը, որից խմել էր քահանայապետը: Այս մասին հաղորդում է Philadelphia Daily News-ը:
Նշվում է, որ կոնգրեսականը դա արել է կրոնական համոզմունքներից ելնելով: Բրեդին համարել է, որ ջուրը սուրբ է դարձել, երբ այն խմել է Հռոմի պապը: Խորհրդարանականը կիսատ ջրով բաժակը տարել է իր աշխատասենյակ, որտեղ նա, նրա կինն ու երկու ենթակաները մի-մի կում խմել են:
«Դուք շա՞տ մարդկանց եք ճանաչում, ովքեր խմել են այն նույն բաժակից, ինչ Հռոմի պապը»,- ասել է նա լրագրողներին:
Բրեդին «սուրբ ջուրը» տվել է նաև իր գործընկեր սենատորին, նա էլ իր հերթին՝ մորն ու կնոջը: Երեքով մատները թաթախել են ջրի մեջ:
Ջրի մնացած մասը կոնգրեսականը մտադիր է պահպանել՝ թոռներին օրհնելու համար:









































