Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, թողարկել է իր նոր երաժշտական ալբոմը և միանգամից ենթարկվել հասարակության հարձակմանը: Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը:
Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ 4-րդ՝ «Ֆրանսիական փոքր երգեր» ալբոմում, ի թիվս այլ երգերի, ընդգրկվել է «Պինգվին» երգ, որը լրագրողների կարծիքով՝ Ֆրանսուա Օլանդի մասին է: Վերջինս կրում է «Պարո´ն, ոչ այո, ոչ էլ ոչ» մականունը:
«Ո´չ անճոռնի է, ո´չ գեղեցիկ, ո´չ բարձրահասակ է, ո´չ կարճահասակ, ո´չ սառը, ո´չ էլ տաք պինգվին է, ո´չ այո, ո´չ էլ ոչ»,- ասվում է երգի տեքստում: «Նայի´ր, պինգվի´ն, դու լիովին միայնակ ես քո այգում»,- երգում է Բրունին:
Մականունից բացի՝ ֆրանսիացի լրագրողների ուշադրությունն է գրավել նաև երգում այգու մասին հիշատակումը: Բանն այն է, որ Օլանդի՝ որպես պետության ղեկավարի, առաջին լուսանկարը արվել է նրա նոր նստավայրի այգում:
Բրունին անձամբ հայտարարել է, որ չար լեզուների եզրակացություններն անհիմն են, և խոսքն ամենևին քաղաքական երգիծանքի մասին չէ: «Այս երգն անդաստիարակ, տհաճ մարդկանց մասին է, որոնք ինձ անհասկանալի են»,- բացատրել է նա: